Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Հովհաննիսյան-Եղիկյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Հովհաննիսյան-Եղիկյաններ

Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից մեկն է: Մեր երկրի առողջապահական համակարգի տարբեր ճյուղերի զարգացումը մեծապես կապված է նաև այս նշանավոր գերդաստանի անդամներից յուրաքանչյուրի անվան հետ: Բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների մի քանի սերունդ:

 

Հովհաննսիյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Սուրեն Զաքարի Հովհաննիսյանից: Նա ծնվել է 1920թ. սեպտեմբերի 1-ին Լենինականում (Գյումրի): Այնուհետև նրանց ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ և 1938թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: Նույն տարում Սուրեն Հովհաննիսյանը ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան: Ավարտելով բարձրագույն բժշկական կրթությունը` 1942թ. Սուրեն Հովհանիսյանը, որպես պրակտիկ բժիշկ, գործուղվել է Խորհրդային բանակ` սկզբում որպես 320-րդ հրաձգային դիվիզիայի 478-րդ գնդի կրտսեր բժիշկ: 1943 թ. նա նշանակվել է գլխավոր հրամանատարության 44-րդ ականանետային դիվիզիայի 158-րդ գնդի ավագ բժիշկ:

 

1946թ. անվանի բժիշկը զորացրվել է Խորհրդային բանակի շարքերից և սկսել է աշխատել որպես ֆակուլտետային օրդինատոր ԵՊԲԻ վիրաբուժական կլինիկայում, որը գործում էր 3-րդ քաղաքային հիվանդանոցի բազայի վրա` Խորհրդային միության անվանի վիրաբույժ, ՍՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ Ռուբեն Յոլյանի ղեկավարությամբ:

 

1952 թ. փետրվարից Սուրեն Հովհաննիսյանը միաժամանակ աշխատել է 3-րդ բուժմիավորման բժշկական բաժնի գլխավոր բժշկի տեղակալ, իսկ 1953թ. մարտից մինչև 1954թ. սեպտեմբերը ղեկավարել է Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժանմունքը: 1952թ. Սուրեն Հովհաննիսյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` «Թարախային հետվիրահատական հիվանդությունների ժամանակ ոսկրուղեղի արյունաստեղծ ֆունկցիայի վերաբերյալ» թեմայով:

 

1954-1958թթ. բժշկագիտության նվիրյալը եղել է ԵՊԲԻ ֆակուլտետային վիրաբուժության ասիստենտ, ապա նաև` Բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի դոցենտ: 1965թ. պաշտպանել է դոկտորոկան թեզը:

 

1971-1988թթ. պրոֆեսոր Սուրեն Հովհաննիսյանը ԵՊԲԻ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի ղեկավարն էր: Պրոֆեսորը 108 գիտական աշխատանքի, այդ թվում մեթոդական խորհրդատվությունների, առաջարկների և մենագրությունների հեղինակ է: Նրա հետազոտություններում գերակշռում են արյունաբանությանը, որովայնի և կրծքային վիրաբուժությանը, պրոկտոլոգիային, ուռուցքաբանությանը, վիրաբուժության մեթոդների կատարելագործմանը վերաբերող հարցերը:

 

1965-1969թթ. Սուրեն Հովհաննիսյանը եղել է ՀՍՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժը: Անվանի պրոֆեսորը իրականացրել է հազարավոր վիրահատություններ, փրկել` հազարավոր կյանքեր: Նրա մասնագիտական բարձր գիտելիքների ու փորձի, մարդկային ջերմ հոգատարության ու ուշադրության շնորհիվ հազարավոր մարդիկ նորից կյանք են առել: Սուրեն Հովհաննիսյանի կյանքի ու աշխատանքային գործունեության լավագույն ժամանակները նվիրվել են բժիշկների մասնագիտական պատրաստության ազնիվ գործին: Նա կրթել ու պրակտիկ աշխատանքի է գործուղել բժիշկների բազմաթիվ սերունդների:


«Դեռևս մանկուց հիշում եմ՝ պատմում էին, որ պապիկիս հերթապահության ժամանակ հիվանդանոց են տեղափոխում սիրտը դանակահարած մի երիտասարդի, պապիկս նրան վիրահատում, փրկում է: Անցնում է 30, 40, 50 տարի, այդ ընտանիքը իր բժշկին չի մոռանում: Յուրաքանչյուր տարի Ամանորին առավոտյան 08:30-ին մեր տան դռան զանգն էր լսվում, այդ անձը գալիս էր՝ առաջինը շնորհավորելու իր կյանքը փրկած բժշկին: Հիմա արդեն նրա որդին է ամեն հունվարի մեկին այցելում մեզ: Ուզում եմ ընդգծել, որ բժիշկ-հիվանդ կապը հետագայում վերածվել է բարեկամական հարաբերության, պապիկիս ապաքինած մարդկանցից շատերը դարձել են մեր ընտանիքի հարազատ անձինք, ընկերները: Հպարտ եմ, որ առաջին ուսումնական պրակտիկաս անցել եմ պապիկիս մոտ, դեռևս 2-րդ կուրսի ուսանող էի, երբ նրա հետ մտա վիրահատարան, ինչպես բժշկական «լեզվով» են ասում՝ «լվացվել եմ» նրա հետ: Բոլորին է հայտնի, թե որքան դժվար է ստամոքսի ռեզեկցիան, բայց պապիկս այդ միջամտությունը նստած էր կատարում, մոտ մեկ ժամում: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Սուրեն Հովհաննիսյանը պարգևատրվել է Աշխատանքի կարմիր շքանշանով, Մեծ Հայրենական պատերազմին մասնակցելու համար արժանացել է «Կարմիր աստղի» շքանշանի, ինչպես նաև բազմաթիվ պարգևների:


Բժիշկ էր նաև Սուրեն Հովհաննիսյանի կինը՝ Հայկանուշ Պողոսյանը: Նա եղել է Հայաստանում արյունաբանական կենտրոնի համահիմնադիրը: Մեծ է անվանի բժշկուհու ներդրումը արյունաբանական ծառայության զարգացման գործում: Բժշկական պրակտիկ գործունեությանը զուգահեռ, Հայկանուշ Պողոսյանը զբաղվել է նաև գիտական գործունեությամբ` պատրաստելով բժիշկների մի քանի սերունդների:


Հովհաննիսյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցիչը Ստեփան Սուրենի Հովհաննիսյանն է: Նա ծնվել է 1944թ. հոկտեմբերի 26-ին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ:

 

1967թ. գործուղվել է Աշտարակի շրջանային կենտրոնական հիվանդանոց, որտեղ նա համատեղել է շտապօգնության ծառայության ղեկավարի և բժիշկ-վիրաբույժի աշխատանքը:

 

1969թ. Ստեփան Հովհաննիսյանը ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտում: 1972 թ. երիտասարդ ասպիրանտը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Շաքարային դիաբետի դեպքում փափուկ հյուսվածքների թարախային հիվանդությունները և ստորին վերջույթների փտախտը» թեմայով: Վերադառնալով Երևան՝ Ստեփան Հովհաննիսյանը սկսել է աշխատել շտապօգնության հիվանդանոցում որպես բժիշկ-օրդինատոր:

 

1979-82 թ.թ. նա գործուղվել է Ալժիր: Բժիշկն աշխատել է նաև Փարիզում և Մարսելում: «Առաջին» բառը անքակտելիորեն կապված է Ստեփան Հովհաննիսյանի անվան հետ: 1976 թ. նա եղել է հանրապետության առաջին ներստամոքսային PH –չափագրման լաբորատորիայի հիմնադիրը: 1987թ. ընտանիքի վառ ներկայացուցիչը «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիմնադրել է Հայաստանում առաջին մասնագիտացված վիրաբուժական ինֆեկցիաների բաժանմունքը:

«Ուսանողական սկզբնական տարիներին գնում էի 1-ին հիվանդանոց, ապա նաև հանրապետական, ինքը այնտեղ էր լինում: Երբ ավարտեցի համալսարանը, իմ ՝ օրդինատուրա ընդունվելը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ հայրս դարձավ ամբիոնի վարիչ, չափազանց խիստ էր իմ նկատմամբ, ինչ համար շնորհակալ եմ»,- բժշկական իրենց մեծ ընտանիքի պատմությունը ներկայացնելով՝ նշում է Ստեփան Հովհաննիսյանի որդին`Սուրեն Հովհաննիսյանը:

Ստեփան Հովհաննիսյանը դոկտորոկան թեզը պաշտպանել է 1989թ.: 1991թ.-ից Ստեփան Հովհաննիսյանը ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների Թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր էր:

 

1998 թ. մինչև կյանքի վերջին օրերը նա Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների Թիվ 2 ամբիոնի վարիչն էր: 2000թ. նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամի կարգավիճակ: Ստեփան Հովհաննիսյանի ուսանողները մշտապես կհիշեն իրենց սիրելի պրոֆեսորի պատգամը՝ «հիվանդին պետք է ոչ թե ուժեղ, այլ խելացի վիրաբույժ»:

 

Ստեփան Հովհաննիսյանի աշխատանքային օրակարգը մշտապես հագեցած էր: Նա ղեկավարել է մասնագիտական բազմաթիվ հանձնաժողովների աշխատանքները, մասնակցել՝ մասնագիտական խորհուրդների աշխատանքներին: Անվանի պրոֆեսորը չի սահմանափակվել միայն մասնագիտական գործունեությամբ: Բազմակողմանի զարգացած գիտնականը սիրում էր երաժշտություն, գրականություն, իսկ նրա ստեղծագործական տաղանդը դրսևորվել է ձեռագիր ստեղծագործություններում, որոնցով զբաղվել է ազատ ժամերին:

 

Պրոֆեսոր Հովհաննիսյանի կենսուրախ լիցքերն ու դրական էներգետիկան փոխանցվում էին հիվանդներին, նրանց համար դառնում բուժման հանդեպ հավատի լրացուցիչ աղբյուր: Պատմում են, որ նա հիվանդին փրկելու համար անգամ իր արյունն էր տալիս: Ստեփան Հովհաննիսյանը կյանքից հեռացավ 2008թ.: Նրա հանկարծակի մահը ծանր հարված էր ընտանիքի անդամների համար:

 

Բժշկական այս ընտանիքում սակայն բժշկական տոհմիկ ավանդույթը շարունակվում է, բժիշկ են Ստեփան Հովհաննիսյանի այրին՝ Իվետա Եղիկյանը, որդին՝ Սուրեն Հովհաննիսյանը, որն էլ ներկայացնում է այս մեծ բժշկական գերդաստանի երրորդ ճյուղը:

 

Հովհաննիսյանների բժշկական երկրորդ սերնդի ներկայացուցիչներից է նաև Ստեփան Հովհաննիսյանի քույրը՝ Գայանե Հովհաննիսյանը: Նա բժշկական ինստիտուտն ավարտել է 1973թ., ինչից հետո ամուսնու հետ ծառայության է մեկնել Չինաստանի սահման: Նա քիթ-կոկորդի մասնագետ է: «Աշխատել եմ պոլիկլինկայում, այնուհետև՝ հանրապետական հիվանդանոցում: Ուզում եմ հպարտությամբ նշել, որ դեռևս ուսումնական շրջանում ևս հայրիկիս հետ «լվացվել» եմ, մասնակցել նրա ղեկավարությամբ իրականացվող վիրահատություններին»,-հիշելով հայրիկին՝ Սուրեն Զաքարի Հովհաննիսյանին, պատմում է տիկին Գայանեն: Մայրս հեմոտոլոգիայի մասնագետ էր, հայրս գլխավոր վիրաբույժն էր, եղբայրս էր միշտ մեզ ուրախացնում, այժմ իր որդին՝ Սուրեն Հովհաննիսյանն է շարունակում բժշկական այս մեծ ընտանիքի ավանդական, միաժամանակ` նվիրական գործը»,-ասում է Գայանե Հովհաննիսյանը:

 

Բժշկուհի է նաև Ստեփան Հովհաննիսյանի կինը` Իվետա Եղիկյանը: Նա ևս ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը: «Մայրս, հայրս եղել են բժիշկներ, սկեսուրս, սկեսրայրս միասին են սովորել բժշկականում: Մայրս գինեկոլոգ էր, նաև այդ բաժնի վարիչը: 20 տարի աշխատել եմ Քանաքեռ-Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում»,-պատմում է տիկին Իվետան:

Հովհաննիսյանների բժշկական տոհմի երրորդ սերունդը ներկայացնում է Սուրեն Ստեփանի Հովհաննիսյանը: Նա ծնվել է 1974թ. մարտի 7-ին, Երևանում: 1997թ. Սուրեն Հովհաննիսյանը գերազանցությամբավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ապա ընդունվել կլինիկական օրդինատուրա, ԵՊԲՀ թիվ 2 վիրաբուժության ամբիոնի բազայում, ավարտել՝ գերազանցությամբ: 2000թ. աշխատել է վիրաբույժ-օրդինատոր «Արմենիա» ՀԲԿ-ում: Նույն թվականին միաժամանակ ընդունվել ասպիրանտուրա Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ՀՀ ԱԱԻ-ի լապարասկոպիկ վիրաբուժության ամբիոնում: Սուրեն Հովհաննիսյանը թեկնածուական թեզը պաշտպանել է 2003թ. «Լյարդի էխինակոկոզի էնդովիրաբուժական բուժում» թեմայով:

 

2004-2006 թթ. ծառայության է անցել ՀՀ ԶՈՒ ԿԿԶՀ-ում և զինածառայության ընթացքում գործուղվել էվերապատրաստման Հունաստան, վերադարձել՝ գերազանց բնութագրով: 2008թ. ՀՀ ԱԱԻ գիտխորհրդի նիստում հաստատվել է նրա դոկտորական թեզը՝ «Մակերիկամի ուռուցքների ախտորոշման և վիրաբուժական բուժման եղանակների օպտիմիզացում» թեմայով: Վիրաբուժություն մասնագիտության Սուրեն Հովհաննիսյանը վերապատրաստվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Բժշկական գիտությունների դոկտորի կոչումը ՍուրենՀովհաննիսյանին շնորհվել է 2010 թ.: Մեկ տարի անց Սուրեն Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊԲՀ-ի ՌԴՎ ամբիոնի պետի պաշտոնում և միաժամանակ ԿԿԶՀ վիրաբուժության կլինիկայի ղեկավար:

 

2014 թ. նա նշանակվել է ԵՊԲՀ Սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար: Սուրեն Հովհաննիսյանը Հայկական, Ռուսական և Եվրոպական էնդովիրաբուժական ասոցիացիաների և հայ վիրաբույժների ասոցիացիայի անդամ է: Մասնակցել է 20-ից ավելի հանրապետական և միջազգային համաժողովների և կոնգրեսների: Սուրեն Հովհաննիսյանը հեղինակ և համահեղինակ է 51 գիտական հոդվածների, մեկ նորարարական առաջարկի և մեկ ուսումնամեթոդականձեռնարկի: Բժշկական գիտությունների դոկտորը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, Պաշտպանության նախարարության պատվոգրերով, ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալով:


Բժիշկ է նաև Սուրեն Հովհաննիսյանի կինը` Կարինե Մանուկյանը: Նա ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Ուշագրավն այն է, որ հայ նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը ստեղծվել են` միավորելով երկու տարբեր բժշկական «ազգանուններ»` այդպիսով դնելով բժշկական մեծ գերդաստանի հիմքը: Այդ կերպ է ստեղծվել նաև Հովհաննիսյան-Եղիկյան «մեծ ընտանիքը»:

 

Ստեփան Հովհաննիսյանի կինը` Իվետա Եղիկյանը, սերել է բժշկական մեծ ընտանիքից: Նրա հայրը` Արմիկ Մելիքի Եղիկյանը, ևս բժիշկ էր: Նա ծնվել է 1918թ. Թիֆլիսում: 1937թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտելուց հետո անցել է աշխատանքի Նոյեմբերյանի շրջանի գյուղերից մեկում: 1942թ. զորակոչվել է բանակ, որտեղ ևս աշխատել է որպես կրտսեր բժիշկ, այնուհետև նա աշխատանիք է անցել Ալավերդիում:

 

Ի թիվս բազմաթիվ պարգևների, Արմիկ Եղիկյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչումը: Անվանի բժիշկը թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայի մանկաբուժական ինստիտուտում: 1972թ. նշանակվել է Արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն: «Պապիկս եղել է անչափ բարի մարդ, իրեն անհրաժեշտ էր տեսնել, շփվել նրա հետ, շատ շնորհակալ ենք նրան՝ մեզ ազնիվ, շիտակ դաստիարակելու, օրինակելի ընտանիքի հիմքը դնելու համար»,-պատմում է Եղիկյանների բժշկական ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Լիլիթ Եղիկյանը: Արմիկ Եղիկյանը Բժշկական մայր բուհի ատամնաբուժական ֆակուլտետի հիմնադիրն է:

 

Բժիշկ էր նաև Արմիկ Եղիկյանի կինը՝ Սեդա Սուջյանը: Նա մասնագիտությամբ գինեկոլոգ էր: «Տատիկս քաղաքում հայտնի սիրված բժիշկ էր: Ես որքան հիշում եմ՝ գիշերը նրան զանգահարում էին, կանչում՝ աշխատանքի, քնից արթնանում էր, շտապում՝ վիրահատության: Նա էր, որ ինձ խորհուրդ տվեց ընտրել ատամնաբուժությունը, ոչ թե գինեկոլոգիան: Տատիկս կոչումով էր բժիշկ, ուներ հիվանդների հետ շփվելու բացառիկ հատկություն, չափազանց հոգատար էր նրանց նկատմամբ: Մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները մեկտեղված էին բարի այդ կնոջ մեջ: Նա աշխատել է Երրորդ հիվանդանոցում՝ որպես բժիշկ մանկաբարձ»,-ներկայացնում է Լիլիթ Եղիկյանը: Բժշկական տոհմիկ այս ընտանիքի երկրորդ ճյուղը ներկայացնում է Արմիկ Եղիկյանի որդին՝ Էդգար Եղիկյանը:

«Հայրս նույնպես ատամնաբույժ էր, աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիայի ամբիոնում: Մայրս երաժշիտ էր: Եղբայրս` Արմենը, որը մասնագիությամբ դարձյալ ատամնաբույժ է, գործունեություն է ծավալում Ռուսաստանում: Եղիկյանների երրորդ սերնդի ներկայացուցիչներից Լիլիթ Եղիկյանը նշում է իր որդուն` Վահե Վանցյանին, որը ընտրել է ատամնաբույժի մասնագիտությունը: Կոչումով բժիշկների մեծ գերդաստանի չորրորդ սերնդի ներկայացուցիչն առայժմ այս մեծ ընտանիքի ամենակրտսեր բժիշկն է:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ